ROAD TRAFFIC RULES
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ' կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ' Հայաստանի Հանրապետության տարածքում' կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:
2. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
3. Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները'
1) գլխավոր ճանապարհ'
2.1' «Գլխավոր ճանապարհ», 2.3.1' «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7' «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1' «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.
2 )երթևեկության առավելություն'
երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ' նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.
3) չստեղծել խոչընդոտ'
երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները' տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները' հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
4) կազմակերպված տրանսպորտային շարասյուն`
մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.
5) երթևեկության սկիզբ`
կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.
6) մանևրում`
տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.
7) վերադասավորում`
տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.
8 )երթևեկության ուղղության փոփոխություն`
նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.
9) շրջադարձ`
տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.
10) հետադարձ`
տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.
11) վազանց՝
շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
12) արգելք`
երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից:
13) երթևեկության համար վտանգ`
երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ:
14) կողանցում`
շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու:
15) վտանգավոր բեռ`
վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները:
16) երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում`
մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում:
17) սահմանափակ տեսանելիություն`
երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով.
18) հետիոտնային և հեծանվային արահետ (հեծանվահետիոտնային արահետ)՝
երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով:
19) հեծանվորդների համար գոտի՝
երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար:
20) հիբրիդային ավտոմոբիլ՝
էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց: