LIST OF FAILURES AND CONDITIONS PROHIBITING THE OPERATION OF VEHICLES
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) ճանապարհային կամ վահանակային (ստենդային) փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության ստանդարտով սահմանված նորմերը.
2) խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը.
3) չի գործում պնևմատիկ կամ պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը.
4) կայանման արգելակային համակարգն ստանդարտով սահմանված թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է հետևյալ ցուցանիշները՝
ա. 10 աստիճան՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի վրա պատրաստված բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների մոտ,
բ. 20 աստիճան՝ ավտոբուսների մոտ,
գ. 25 աստիճան՝ բեռնատար ավտոմոբիլների մոտ.
2) առկա են մանրամասերի (դետալներ) ու հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն, անսարք է ղեկասյունակի դիրքի սևեռիչ սարքավորումը.
3) անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը կամ մոտոցիկլների ղեկային հանդարտիչը.
4) ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) արտաքին լուսային սարքերի թիվը, տեսակը, գույնը, դասավորվածությունը և աշխատանքի ռեժիմը չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի կառուցվածքի և ստանդարտներով պահանջներին (արտադրությունից հանված տրանսպորտային միջոցների վրա թույլատրվում է այլ մակնիշների և մոդելների տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի տեղադրում).
2) լապտերների կարգավորումը չի համապատասխանում ստանդարտի պահանջներին.
3) սահմանված ռեժիմով չեն աշխատում կամ կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները.
4) լուսային սարքերի վրա բացակայում են լամպերը կամ ցրիչները, կամ օգտագործվում են տվյալ լուսային սարքի տեսակին չհամապատասխանող ցրիչներ կամ լամպեր.
5) առկայծող փարոսիկների տեղակայումը, ամրացման ձևերը և լուսային ազդանշանի տեսանելիությունը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին.
6) տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են՝
ա. առջևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, շրջադարձի ցուցիչներ և այլ լուսային սարքեր, բացի սպիտակ, դեղին կամ նարնջագույն գույների լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի սպիտակ գույնից,
բ. հետևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հետընթացի և հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ, բացի սպիտակ գույնի լույսերից, ցանկացած գույնի լույսերով այլ լուսային սարքեր, բացի կարմիր, դեղին կամ նարնջագույն գույնի լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի կարմիր գույնից:
Սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ և ճանաչման նշանների վրա.
7) հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է`
ա. 2,0 մմ` ավտոբուսների համար,
բ. 1,6 մմ` թեթև մարդատար ավտոմոբիլների համար,
գ. 1,0 մմ` բեռնատար ավտոմոբիլների համար,
դ. 0,8 մմ` մոտոցիկլների և մոպեդների համար։
Կցորդների դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության նորմերը սահմանվում են որպես քարշակ ծառայող ավտոմոբիլների դողերի նորմերին համապատասխան.
2) դողերն ունեն հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ (անցքեր, կտրվածքներ, ճեղքվածքներ), ինչպես նաև հիմնակմախքի շերտաբաժանում, պահպանաշերտի և կողերի շերտատում.
3) անվահեցի կամ անվասկավառակի վրա առկա են ճաքեր, կամ բացակայում է դրանց ամրացման հեղույսներից (մանեկներից) թեկուզ մեկը կամ առկա են դրանց ամրացման անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ.
4) դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին.
5) տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են տարբեր չափերի, տարբեր կառուցվածքների, տարբեր մոդելների, պահպանաշերտի տարբեր նախշանկարներով, բութակավորված և չբութակավորված, ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն, նոր և վերականգնված դողեր:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը գերազանցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը.
2) խախտված է սնման համակարգի հերմետիկությունը.
3) անսարք է բանած գազերի արտածման համակարգը.
4) խախտված է հենատուփի (կարտեր) օդափոխության համակարգի հերմետիկությունը.
5) արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը:
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով, կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները.
2) հետին տեսանելիության հայելիների քանակը, դասավորվածությունը և դասը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին, բացակայում են տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակիները.
3) չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը կամ այն, կամ տրվող ազդանշանը չեն համապատասխանում ստանդարտին.
4) տեղադրված են երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող կամ վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ.
5) տրանսպորտային միջոցի՝
ա. ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,
բ. առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,
գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.
6) չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված` թափքի կամ խցիկի դռների կամ շարժիչի ծածկոցի փականները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, ավտոբուսի դռների վթարային բացիչները և կանգառ կատարելու պահանջի ազդանշանը, ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը, հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման սարքերը.
7) բացակայում են կառուցվածքով նախատեսված հետին պաշտպանիչ հարմարանքը, ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները.
8) անսարք են քարշակի կամ կցորդային մասի քարշակցման կամ հենակցման հարմարանքները, ինչպես նաև բացակայում կամ անսարք են կառուցվածքով նախատեսված ապահովիչ մետաղաճոպանները (շղթաներ):
Մոտոցիկլի և կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք.
9) բացակայում են`
ա. բժշկական դեղատուփը, կրակմարիչը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` ավտոբուսներում, թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներում ու անվավոր տրակտորներում,
բ. երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ` համապատասխանաբար 3,5 տոննա և 5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներում և ավտոբուսներում,
գ. բժշկական դեղատուփը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կողային կցորդով մոտոցիկլներում:
Ավտոբուսում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, մեկը` վարորդի խցիկում, մյուսը` սրահում, իսկ մնացած նշված տրանսպորտային միջոցներում` դյուրահաս տեղերում:
Բժշկական դեղատուփում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը.
10) տրանսպորտային միջոցները, բացառությամբ սահմանված կարգով նախատեսված դեպքերի, կահավորված են առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով, կամ դրանց թափքերի վրա պատկերված են գունագծապատկերներ և գրառումներ (տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին և դրանց վրա տեղադրվող առկայծող փարոսիկներին ու հատուկ ձայնային ազդանշաններին ներկայացվող պահանջները սահմանվում են ստանդարտով, իսկ այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել դրանցով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).
11) բացակայում են կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները կամ անվտանգության ամրագոտիները, կամ անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ.
12) մոտոցիկլների և մոպեդների վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը, թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը, իսկ մոտոցիկլների վրա` նաև անվտանգության աղեղները.
13) չեն աշխատում պահեստային անիվի բռնիչը, բարձրացման-իջեցման մեխանիզմը կամ կարապիկը.
14) կիսակցորդի վրա բացակայում են կամ անսարք են հենարանային սարքավորումը, հենակների տրանսպորտային վիճակի սևեռիչը, հենակների բարձրացման-իջեցման մեխանիզմը.
15) խախտված է շարժիչի, փոխանցման տուփի, պտույտափոխանցիչի, հետին կամրջակի, կցորդման, ակումուլյատորային մարտկոցի, օդի հովացման և լավորակման համակարգի և տրանսպորտային միջոցի վրա լրացուցիչ տեղադրված հիդրավլիկ սարքավորումների միացումների կամ կիպարարների հերմետիկությունը.
16) գազաբալոնային սնման համակարգով կահավորված ավտոմոբիլների գազաբալոնների արտաքին մակերեսին նշված տեխնիկական պարամետրերը չեն համապատասխանում տեխնիկական անձնագրում նշված տվյալներին, բացակայում են վերջին և պլանավորված փորձարկումների ամսաթվերը.
17) առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության` տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ).
18) հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
19) մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան կամ կահավորված չէ հետին դիտման լրացուցիչ հայելիով (սովորեցնողի համար) կամ կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով.
20) անսարք է հեծանիվի ղեկը, արգելակը կամ ձայնային ազդանշանի սարքը, կամ այն առջևից կահավորված չէ սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից` կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից` նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով.
21) լծասայլը չունի կառուցվածքով նախատեսված կայանման սարքին արգելակ կամ հակագլորման հենակներ, առջևից կահավորված չէ երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), իսկ հետևից` երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով: